Գիշերը լուսանում էր, ծանր գիշեր էր։
Առավոտվա սառը քամին փչում էր
լուսամուտիս գոգին։
Գյուղը չէր արթնացել, չկար գառների մայունը,
չկար հորթերի բառաչը։
Դեռ խաղաղ էր
գյուղս ու նոր պիտի արթնանար:
Օհանենց Հանեսը առավոտ կանուխ պիջակն ուսերին գցած գոմն էր գնում։
Տեղ-տեղ տների երդիկներից ծուխ էր դուրս գալիս ու օլոր-մոլոր դեպի երկինք էր բարձրանում։
Լսվում էր շների հատ ու կենտ հաչոցը:
Մեկ էլ ձայները կտրվում էին ու հանկարծ գելահաչ էին տալիս: Պարզ էր, որ գյուղի չորս կողմում գելեր են երևացել, թազի-թուլա փախցնելու, սրա նրա փարախը մտնելու, գառ-ոչխարների հերն անիծելու։
Սոված գելեր, երախները բաց, իսկ շները մի քանի հաչոցներ անելով, սսկվում կուչ էին գալիս, գելերից վախենում էին:
Աշունքվա նեղ օրերն էին գլուխ գլխի տվել ու եկել գյուղացու հոգսերն էին շատացրել։
Խեղճ ու կրակ գյուղացին ի՞նչ իմանար իր գլխին գալիքը։
Տարին չորային էր ու ցորենի, գարու, հաճարի դաշտերը գյուղացիների սրտով չէին։
ՈՒ՞մ բողոքես, երբ Աստված այդպես է կամեցել ու միշտ էլ
կուժն ու կուլան խեղճ գյուղացու գլխին
է ջարդվել։
Տո աշխարհ էլ չկա, որ ասես աշխարհ, ա՛յ պրիշակ մնաս, էլ տեղ չունես զահուրմարդ թափես, որ եկել գյուղացու բկին ես չոքել։
Բա չասե՞ ս անաստված, տեղ-տեղ փլվես, մենակ ես իմանամ ու հանեսների նման շատ-շատերի արդար վաստակին ու հացին
վայիս մի՛ դառեք, թողեք իրենց արդար քրտինքով ապրեն ու ամեն մի մեռնողի երանի տան։
Հանեսը գոմը տեղավորում էր ու հետն էլ անիծում գյուղացու հոգնատանջ օրերը, որ ինչքան մոտենում է ձմեռը, այնքան մտատանջ է դառնում գյուղացու համար։
Իսկ խեղճ ու կրակ գյուղացին չգիտի, թե ինչ սար ու քոլ
տա գլխին։
Է՜հ, անտեր մնա գյուղացու սև օրը։
Բա մարդ կյանքում մի անգամ
ծնվի, էն էլ էսպիսի բարբադ տե՞ղ։
«Դե արի էս էշը, էս փեխից հանի», ինքն իրեն խոսում էր Հանեսն ու այդպես էլ պատասխան չէր գտնում։ Չնայած գոմը տաք էր, բայց դե Հանեսը տխուր էր։
Ասենք ինչի վրա ուրախանար, երբ անասունների կերը շատ քիչ էր ու համարյա բոլոր գյուղերում էլ նույն վիճակն էր։
Հանեսը թիկն տված գոմի ախոռին միտք էր անում, երբ ականջին հասավ կատարածուի ձայնը, թե`
- Ժողովուր ՜դ, թուրքն անցել է հարձակման, ելե ՜ ք, զենք ու զրահ կապե՜ք, կռի՜վ է՜է՜է՜, կռի՜վ, հասե՜ք։
Հանեսը վաղուց աշխատում էր գյուղի կոլխոզի բաղերում որպես այգեպան ու քաջ գիտեր ամեն մի ծակ ու ծուկ։
Կոլխոզի բաղերը շատ մոտ էր թուրքի գյուղերից մեկին։
Դե մարդիկ էին, իրար Ճանաչում բարև, բարի լույս էին տալիս ու շատ դեպքերում հենց բաղերի մեջ, փոքրիկ տնակում, իրար հետ մի կտոր աղ ու հաց էին կտրում։
Հանեսը չէր հավատում իր աչքերին, որ թուրքերն այսքանից հետո կարող են հարամել իրենց կերած աղ ու հացը,
ոտատակ տալ ամեն ինչ և ուրանալ
իրենց ղուրանն ու աչք դնել ուրիշի ունեցվածքին։
«Թուհ թքել եմ դրանց երեսին, որ դրսից հայելի են ու ներսից
Ածելի», մտածում էր Հանեսն ու գլուխ չէր հանում։
Միայն աղոթում էր Աստծուն, որ ինչքան շուտ լինի, խաղաղություն լինի, անտեղի արուն չթափվի, ջահել-ջիվաններ չզոհվեն։
Կռվի մեջ փլավ չեն բաժանում, բայց երբ ոտնձգություն են անում ու անարդար ուզում են տիրել քո հայրենի տարածքներին, կրակի տալ տներն ու թալանել ունեցվածքդ, դու էլ պիտի
սուր ճոճես, դեմն առնես ու արուն թափես` կռիվ է՜է՜է՜, կռի ՜վ… կռիվը ոնց է լինում, հո պոչով ականջով ՞ լինում:
(շարունակելի)
Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ